շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրամիությունը մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինային կտրամադրի ավելի քան մեկ միլիոն արկ

Եվրամիությունը մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինային կտրամադրի ավելի քան մեկ միլիոն արկ

Եվրամիությունը մինչև տարեվերջ Ուկրաինային կտրամադրի ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է Euronews-ը։

Նախատեսվում էր, որ մինչև 2024 թվականի մարտը բլոկի երկրներից մեկ միլիոն արկ կտրամադրվի Ուկրաինային։ Բայց մինչ այս ամսաթիվը, ըստ Bloomberg-ի, ԵՄ-ն կկարողանա մատակարարել միայն 600 հազար զինամթերք։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի համար «հիմնական նպատակն այն է, որ զինամթերքի պակասը չվերածվի զինամթերքի սովի»։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուկրաինական պատերազմը հեռուն գնացող հետեւանքներ ունի։

«Դաշնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Սա բարեգործություն չէ, դա բխում է մեր իսկ անվտանգության շահերից։ Ռուսական հաղթանակը կթուլացնի մեզ և ուժ կտա ոչ միայն Մոսկվային, այլև Չինաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային։ Սա կարևոր է Եվրոպայի անվտանգության համար, և դա կարևոր է Ամերիկայի անվտանգության համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Անկայուն աջակցության վերաբերյալ մտահոգությունները գալիս են Վաշինգտոնից։

Նախօրեին ԱՄՆ Սենատը չաջակցեց փոխզիջումային օրինագծին, որը միավորում էր Ուկրաինային (մոտ 60 մլրդ դոլար), Իսրայելին, Թայվանին օգնելու և ԱՄՆ հարավային սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցների հատկացումը։ Դա վերջին կետն էր, որը աջակցություն չգտավ հանրապետականների շրջանում։

Այժմ Սենատը նախատեսում է վերանայել օրինագիծը՝ թողնելով միայն այն մասերը, որոնք վերաբերում են արտաքին օգնությանը։

  • Կիսվել: