Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան
Եվրոպական միությունն այսօր ավելի մեծ չափով ունի Թուրքիայի կարիքը, քան վերջինս ունի դրա անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր նախագահությամբ անցկացված նախարարների կաբինետի նիստի արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Եվրոպայի կարիքը Թուրքիայի նկատմամբ ավելի մեծ է, քան Թուրքիայի կարիքը նրա նկատմամբ։ Վաղն այդ կարիքն է՛լ ավելի մեծ կլինի»,- ասել է Թուրքիայի առաջնորդը՝ խոսելով Անկարայի եվրաինտեգրման ձգձգվող գործընթացի մասին։
«Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում եվրոպական դերակատարների կողմից նախաձեռնված քննարկումների՝ Եվրոպայում Թուրքիայի կարգավիճակի վերաբերյալ։ Մենք ստիպված ենք հստակություն մտցնել իրավիճակում. այսօր հարցն այն չէ, թե որտեղ է գտնվում Անկարան, այլ այն, թե ապագայի աշխարհում որտեղ է ուզում գտնվել Բրյուսելը։ Արդեն պետք է հասկանալի լինի, որ ԵՄ-ն, որում Թուրքիան լիիրավ անդամ չէ, չի դառնա գլոբալ խաղացող և ձգողականության կենտրոն»,- նշել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նկատմամբ ԵՄ ռազմավարական կարճատեսությունը շարունակում է պահպանվել։


