Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
Եվրահանձնաժողովը հունիսի 30-ին հայտարարել է, որ սկսում է Ուկրաինային 3,9 միլիարդ եվրոյի հատկացումը անօդաչու թռչող սարքեր գնելու համար շուրջ 6 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշի շրջանակներում։ Այս գումարը մտնում է Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրո վարկի մեջ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱԹՍ-ներն առանցքային նշանակություն ունեն Կիևի կողմից Ռուսաստանի ծավալած պատերազմին դիմակայելու համար։
«Այսօր մենք 3,9 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշն ենք հատկացնում անօդաչու թռչող սարքերի առաջադեմ տեխնոլոգիաների համար՝ Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով։ Եվ դրանց կհետևեն մյուսները», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս վճարումը հաջորդում է Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի համար հատուկ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում 3,2 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշին, որը տրամադրվել է հունիսի 25-ին։
Հետագա վճարումները կկատարվեն առաջիկա օրերին՝ «մինչև անօդաչուների առաջին տրանշի լրիվ հատկացումը՝ Ուկրաինայի պահանջներին համապատասխան»։
Բրյուսելում պարզաբանել են, որ «սա մաս է կազմում Ուկրաինային աջակցելու համար տրամադրվող 90 միլիարդ եվրոյի չափով ավելի խոշոր վարկի, որը նախատեսում է 30 միլիարդ եվրո բյուջետային օգնության և 60 միլիարդ եվրո՝ պաշտպանական կարիքների համար 2026 և 2027 թվականներին»։
2026 թվականին 60 միլիարդ եվրոյի պաշտպանական փաթեթից 28,3 միլիարդ եվրոն կհատկացվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժի աջակցությանը, նշվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։


