Եթե Պեկինը մինչև վաղը չչեղարկի ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, ապա ԱՄՆ-ն 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի․ Թրամփ
Եթե Պեկինը մինչև վաղը չչեղարկի ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, ապա ԱՄՆ-ն 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախօրեին Չինաստանը 34 տոկոսի պատասխան մաքսատուրքեր սահմանեց՝ ի հավելումն իր արդեն իսկ ռեկորդային մաքսատուրքերի, չնայած իմ նախազգուշացմանն այն մասին, որ ցանկացած երկիր, որը պատասխան քայլ կկիրառի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ մեր երկրի վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով, անհապաղ կբախվի նոր և զգալիորեն ավելի բարձր դրույքաչափերի:
Ուստի եթե մինչև ապրիլի 8-ը Չինաստանը չեղյալ չհայտարարի իր 34-տոկոսանոց ավելացումը՝ ի հավելումն իր արդեն երկարաժամկետ առևտրային չարաշահումների, ԱՄՆ-ն ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա 50 տոկոսի չափով ԼՐԱՑՈՒՑԻՉ մաքսատուրքեր կսահմանի: Բացի դրանից, բոլոր բանակցությունները Չինաստանի հետ՝ մեզ հետ նրանց խնդրած հանդիպումների առնչությամբ, կդադարեցվեն:
Անմիջապես կսկսվեն բանակցություններն այլ երկրների հետ, որոնք նույնպես հանդիպումներ են խնդրել»: