երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եթե ԱՄՆ-ն շարունակի ծովային շրջափակումն ու ծովահենությունը, կբախվի Իրանի հզոր զինված ուժերի պատասխանին. «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբ

Եթե ԱՄՆ-ն շարունակի ծովային շրջափակումն ու ծովահենությունը, կբախվի Իրանի հզոր զինված ուժերի պատասխանին. «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբ

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից շարունակվող շրջափակման գործողություններն ու ծովահենությունը կարժանանան իրանական զինված ուժերի վճռական պատասխանին: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ ասված է, որ եթե ԱՄՆ ագրեսիվ զինված ուժերը շարունակեն ծովային շրջափակումը, բանդիտիզմն ու ծովահենությունը տարածաշրջանում, ապա կբախվեն Իրանի հզոր զինված ուժերի պատասխանին։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն պետք է գիտակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ավելի մեծ հզորություն և պատրաստվածություն ունեն, քան նախկինում՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, տարածքն ու ազգային շահերը։

Ըստ հայտարարության՝ ամերիկյան զինվորականներն արդեն իսկ իրենց մաշկի վրա զգացել են Իրանի հարձակողական կարողությունների մի մասը «երրորդ պարտադրված պատերազմի» ժամանակ։

Շտաբից նաև հայտարարել են, որ իրանական զինված ուժերը նախկինի պես պատրաստ են և վճռական՝ հետևելու տարածաշրջանում իրենց թշնամիների վարքագծին ու տեղաշարժերին՝ միաժամանակ շարունակելով վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։

 «Խաթամ ալ-Անբիա»-ն նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում նրանք է՛լ ավելի ծանր կորուստներ կկրեն։

  • Կիսվել: