Ես հիասթափված եմ Պուտինից, բայց չեմ խզել հարաբերությունները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ լիովին խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց հիասթափված է նրա վարքից։ Այս մասին նա ասել է BBC-ի հյուսիսամերիկյան թղթակցին տված բացառիկ հարցազրույցում։
BBC-ի լրագրող Գարի Օ'Դոնոհյուն հարցրել է Թրամփին՝ արդյոք նա պատրաստ է խզել կապերը Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես պարզապես հիասթափված եմ նրանից, բայց նրա հետ դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Չորս անգամ ես մտածել եմ, որ մենք համաձայնության ենք եկել։ Բայց հետո տուն ես վերադառնում և տեսնում, որ նա պարզապես ռմբակոծել է Կիևում ինչ-որ ծերանոց կամ նման մի բան։ Եվ ես ինքս ինձ ասացի. «Այս ի՞նչ է, գրողը տանի»», - ասել է Թրամփը։
BBC-ի թղթակիցը նաև հարցրել է Թրամփին, թե արդյոք նա վստահում է Պուտինին։
«Անկեղծ ասած, ես գրեթե ոչ ոքի չեմ վստահում», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Հուլիսի 14-ին Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանին 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու համար, և եթե դա տեղի չունենա, ապա նա Մոսկվայի նկատմամբ կսահմանի երկրորդային մաքսատուրքեր (մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ և դրանով իսկ օգնում են պատերազմ մղել)։
ԱՄՆ-ն նաև համաձայնել է ՆԱՏՕ-ին վաճառել առաջադեմ զենքեր, որոնք հետո կարող են փոխանցվել Ուկրաինային։


