հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի

Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը եռօրյա դադարից հետո վերսկսում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները: Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:

«Արգելքը վերացված է։ Արդեն բավական է», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ Կիևը երեք օրով դադարեցրել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ Վաշինգտոնի պահանջները կատարելու համար, սակայն Ռուսաստանը շարունակել է իր հարվածները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը դադարել են ստանալ բալիստիկ հրթիռների հարվածների մասին վաղ նախազգուշացման ամերիկյան տվյալները, իսկ Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։

Զելենսկին մերժել է այն գաղափարը, թե դա կարող էր կապված լինել տեխնիկական խնդիրների հետ:

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի, սակայն Կիևը հայտնել է, որ չնայած դրան՝ Մոսկվան շարունակել է հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին:

Բացի այդ, Թրամփն Ուկրաինայից պահանջել էր դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ նշելով, որ դա է աշխարհում վառելիքի գների աճի պատճառը: Թրամփը նաև համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ մատակարարելու շուրջ։ Զելենսկին դա որակել է որպես ներդրում պատերազմի մեջ։

  • Կիսվել: