երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուին դատելու են որպես ռազմական հանցագործի

Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուին դատելու են որպես ռազմական հանցագործի

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կկանգնի դատարանի առջեւ որպես ռազմական հանցագործ, նա միաժամանակ քննադատել է Իսրայելին պաշտպանող արեւմտյան երկրներին։

Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) կոմիտեի նիստում՝ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելին պաշտպանող արեւմտյան երկրները նրան «անվերապահ աջակցություն են ցուցաբերում մանուկների սպանություններում» եւ նրա հանցակիցն են։

«Նեթանյահուն, որն այժմ Գազայի դահիճն է, կդատվի որպես Գազայի դահիճ, այնպես, ինչպես դատեցին Միլոշեւիչին»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին, որին դատեցին ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների համար Հաագայի տրիբունալում։

Ի տարբերություն իր արեւմտյան դաշնակիցների մեծ մասի եւ Պարսից ծոցի որոշ երկրների՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական խմբավորում եւ իր մոտ ընդունել է նրա որոշ անդամների։

«Մենք պետք է անպայման գնահատենք ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը եւ Միջազգային քրեական դատարանն այս շրջանակում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ չի կարելի մոռանալ Իսրայելի միջուկային զինանոցի մասին։

Էրդողանը, որը վաղուց արդեն կոչ է անում բարեփոխել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպեսզի այն ավելի ներառական դառնա, նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ-ը ձախողել է փորձությունը Գազայի հատվածում, եւ շտապ բարեփոխման կոչ է արել՝ կրկնելով, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, աշխարհը չեն ներկայացնում։

«Գլխավոր քարտուղար (Անտոնիու) Գուտերիշի անկեղծ ջանքերը ենթարկվել են Անվտանգության խորհրդի անդամների սաբոտաժին»,- ասել է նա։ «Մեզանից ոչ ոք պարտավոր չէ ընդունել այդ համակարգը»,- ավելացրել է նա։ «Այդ կառուցվածքը չի կարող մարդկությանը խաղաղություն եւ հույս բերել»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: