Էրդողանը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և պաշտպանության հարցերը Reuters
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին և Սիրիայում կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը, հայտնել են Էրդողանի գրասենյակից։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Էրդողանը Թրամփին վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու նրա «վճռական և ուղղակի նախաձեռնություններին», և որ Թուրքիան կշարունակի ձգտել «արդար ու կայուն խաղաղության», ասվում է հայտարարության մեջ։
Էրդողանն անդրադարձել է Սիրիայի խնդրին և նշել է «Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման համատեղ աջակցության կարևորությունը՝ կայունության վերականգնման, նոր վարչակազմի գործունեության ապահովման ու կարգավորման համար»՝ հավելելով, որ դա թույլ կտա սիրիացիներին վերադառնալ հայրենիք: Թուրքիան նաև ԱՄՆ-ից քայլեր է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը, ասվում է հաղորդագրության մեջ։ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում Միացյալ Նահանգները դաշնակցում է Սիրիայի քուրդ զինյալների հետ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական խմբավորում: Անկարան խստորեն քննադատել է ԱՄՆ-ի այս դիրքորոշումը՝ որպես դավաճանություն ՆԱՏՕ-ի դաշնակցի հանդեպ։
ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները դադարեցնելու, Անկարայի F-16-ի գնման գործընթացն ավարտին հասցնելու և F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, ինչն, ըստ թուրքական կողմի, կնպաստի երկրու երկրի պաշտպանական արդյունաբերության համագործակցության զարգացմանը:
Նախկինում Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնումը հանգեցրել է ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ու 2019 թվականին Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելուն: