Էրդողանն ընդունել է Գերմանիայի խոշորագույն երկրամասի ղեկավարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստին։ Սա գործող վարչապետի առաջին այցն է Թուրքիա։
Էրդողանի հետ հանդիպումը Վյուստի եռօրյա այցի օրակարգում ավելացվել է վերջին պահին՝ այցին ընդգծված քաղաքական նշանակություն հաղորդելով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-գերմանական տնտեսական կապերը, երկկողմ հարաբերությունները և ընթացիկ քաղաքական հարցերը։ Վյուստը հատկապես կարևորել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը՝ այն համարելով վաղուց անհրաժեշտ քայլ և տնտեսական նոր հնարավորությունների աղբյուր։
Գերմանացի պաշտոնյան նաև կոչ է արել արագացնել և պարզեցնել գործարարների համար վիզաների տրամադրման գործընթացը։ Նրա խոսքով՝ երկարատև սպասումները վնասում են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի տնտեսությանը։
Վյուստի այցը ուշագրավ է նաև Գերմանիայի ներքաղաքական զարգացումների ֆոնին։ CDU-ի ազդեցիկ գործչի անունը վերջին շրջանում շրջանառվում է որպես կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր հաջորդ, սակայն Վյուստը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ղեկավարել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիան։
Նրա պատվիրակությունը Թուրքիայում ներառել է շուրջ 60 մարդ՝ այդ թվում գործարարներ և ավելի քան 30 լրագրող։



