Երբ Դուք ինձ սպառնում եք, ես չեմ ուզում Ձեզ հետ բանակցել, ինչ ուզում եք՝ արեք. Իրանի նախագահը՝ Թրամփին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների հնարավորությունը, տեղեկացնում է Mehr-ը:
Պատասխանելով միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու Վաշինգտոնի կոչին՝ նա, մասնավորապես, ասել է. «Մեզ համար անընդունելի է, երբ հրամաններ են տալիս։ ԱՄՆ-ն ասում է՝ եթե դուք սա չանեք, մենք այս բանը չենք անի։ Մենք չենք պատրաստվում կարմրել ինչ-որ մեկի առջև։ Ընդհանրապես չենք բանակցի, երբ Դուք ինձ սպառնում եք, ես չեմ ուզում Ձեզ հետ բանակցել, ինչ ուզում եք՝ արեք»:
Նշվում է, որ Փեզեշքիանը նաև քննադատել է Սպիտակ տանը վերջերս կայացած Զելենսկի-Թրամփ հանդիպումը՝ նրանց լեզվակռիվն անվանելով ամոթալի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բանակցությունների մասին Թրամփի առաջարկը մերժել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Թեհրանին ուղղված իր ուղերձում ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել նրա միջուկային ծրագրի շուրջ:
Նշենք նաև, որ Թրամփն ու Զելինսկին փետրվարի 28-ին հանդիպեցին Վաշինգտոնում։ Հանդիպումը բավականին լարված անցավ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղարկվեց՝ չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։
Տեսանյութը՝ այստեղ: