հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Էր Ռիադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները

Էր Ռիադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը։ Կողմերը քննարկում են էներգետիկ օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ առաջարկները, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, տեղեկացնում է РБК-Украина-ն։

«Ռիադում սկսել ենք ամերիկյան թիմի հետ հանդիպումը։ Կատարում ենք Ուկրաինայի նախագահի առաջադրանքը՝ մեր պետության համար արժանապատիվ խաղաղություն հաստատելու և անվտանգություն ապահովելու համար։ Սեղանին, մասնավորապես, առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ»,- գրել է նախարարը Facebook սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ այսօր թիմերն աշխատում են մի շարք բարդ տեխնիկական հարցերի շուրջ։

Մասնավորապես, ուկրաինական պատվիրակության կազմում են էներգետիկայի մասնագետներ, ինչպես նաև ծովային և օդային ռազմական ուժերի  ներկայացուցիչներ։

Մարտի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Դա տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցի վրա, որի նպատակն էր համաձայնեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի հայտերն ու կարիքները։

Մենք առաջ ենք շարժվում մեր նախանշած ճանապարհով, և ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին ներկայացնել քննարկվող հարցերի ճշգրիտ նկարագրությունը։ Այդ հայտարարությունը կհրապարակվի մոտ ժամանակներս»,- նշել է ԱՄՆ նախագահը։

 

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր էր խնդրել։

Բացի այդ, Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցի ժամանակ առաջարկել է ուկրաինական ատոմակայանները որպես սեփականություն փոխանցել ԱՄՆ-ին՝ դրանց անվտանգությունն ապահովելու համար։

  • Կիսվել: