ԵՄ-ը առաջին անգամ կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միանգամից մեկ տարով
ԵՄ երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթաժողովում առաջին անգամ պայմանավորվել են Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները երկարաձգել մեկ տարով, գրել է Reuters-ը։ Մինչ այդ Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ սահմանափակումները վերանայվում և հաստատվում էին յուրաքանչյուր կես տարին մեկ՝ միավորման 27 անդամների միաձայն որոշմամբ։ Ինչպես նշել է Euronews-ը, 12 ամսով երկարաձգումը նպատակ ունի ապահովել ավելի մեծ կանխատեսելիություն Ուկրաինայի համար։ Միևնույն ժամանակ, անհատական պատժամիջոցները կշարունակեն վերահաստատվել յուրաքանչյուր կես տարին մեկ, ինչը սովորաբար ուղեկցվում է սև ցուցակից որոշ անձանց դուրսբերմամբ։
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սկսել է սահմանել 2014 թվականի մարտին՝ Ղրիմի անեքսիայի պատճառով։ Միությունն ավելի խիստ միջոցների անցավ ռուսական բանակի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։ Մինչ օրս ԵՄ-ը Ռուսաստանի նկատմամբ կիրառել է տնտեսական և անհատական պատժամիջոցների 20 փաթեթ, ինչպես նաև սահմանափակումների մի քանի լրացուցիչ փաթեթներ։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովում հայտարարել էին 21-րդ փաթեթի մասին։ Ակնկալվում է, որ այն կվերաբերի ռուսական բանկերին և ռազմարդյունաբերական համալիրին։ Կմտցվի նաև ԵՄ տարածք մուտքի արգելք ռուս զինծառայողների համար։ Բացի այդ, սահմանափակումները պետք է վերաբերեն ստվերային նավատորմին․ եվրոպական պատժամիջոցների ցանկում արդեն ընդգրկված 632 նավերին կավելացվի ևս 30 նոր նավ, որոնց անվանումները առայժմ չեն հրապարակվում։
Հունիսի կեսերին ԵՄ-ը նաև ընդլայնել է Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների ցանկը։ Դրանում ներառվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանը, ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների նախկին հանձնակատար Պավել Աստախովը, Վլադիմիր Պուտինի «հոգևոր հայր», Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Տիխոնը (Գեորգի Շևկունով) և այլք։ Ընդամենը հրապարակված երեք պատժամիջոցային որոշումներով սահմանափակումների տակ են հայտնվել 34 մարդ և 47 կազմակերպություն։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել էր որ ընդունված միջոցները միջանկյալ «մինի-փաթեթ» են։
Միևնույն ժամանակ, Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ իր երկիրը վետո կդնի Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի վրա։ Նա այս որոշումը հիմնավորել է երկրի տնտեսության վրա սահմանափակումների բացասական ազդեցությամբ և Ռուս Ուղղափառ եկեղեցու ղեկավար, պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցների հետ անհամաձայնությամբ։ Մասնավորապես, Բուլղարիայի կառավարության ղեկավարը հիշատակել է պարարտանյութերի և Սոֆիայի մետրոպոլիտենի պահեստամասերի մատակարարումների հնարավոր խափանումների մասին։



