ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման հետ կապված 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ
Եվրամիության երկրները սեպտեմբերի 28-ին պատժամիջոցներ են սահմանել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ՝ որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարող կամ սպառնացող գործողությունների համար։
«Պատժամիջոցների տակ են հայտնվել Ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան համակարգված և ապօրինի արտաքսման ու բռնի տեղափոխման, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքներում նրանց բռնի ձուլման հետ կապված անձինք և կազմակերպությունները»,- ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։ Ընդ որում, ԵՄ-ն որպես այդ գործողությունների մաս նշում է նաև երեխաների գաղափարական ներգործությունը և ռազմականացված կրթությունը։
Պատժամիջոցների ցանկում ներառվել են Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության կոմիտեն, Ռուսաստանում գործող մանկական և մարզական ճամբարներ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում գտնվող «Սոնգդովոն» միջազգային մանկական ճամբարը։
Եվրոպական խորհրդի տվյալներով՝ ուկրաինացի երեխաներին տեղափոխում են այդ ճամբարներ՝ նրանց շրջանում ռուսամետ քարոզչություն և պատմություններ տարածելու նպատակով։
Պատժամիջոցների ցանկում է նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը։ ԵՄ-ի համաձայն՝ նա նպաստել է ուկրաինացի երեխաների՝ իր ղեկավարած տարածաշրջանում գտնվող ճամբարներ ապօրինի տեղափոխմանը։
«Պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների ակտիվները ենթակա են սառեցման։ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։
Ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվել է նաև մուտքի արգելք, որով նրանց արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ անցնել Եվրամիության տարածքով»,- ասվում է հայտարարության մեջ։



