ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
ԵՄ-ն ցավում է Գազայում հրադադարի խախտման և Իսրայելի ավիահարվածների հետևանքով քաղաքացիական անձանց, այդ թվում՝ նաև երեխաների մահվան համար։ Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասի հայտարարության մեջ։
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել իր ռազմական գործողությունները և կրկնում է իր կոչը ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Նաև Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և վերսկսել անարգել մարդասիրական օգնությունն ու էլեկտրաէներգիայի մատակարարումները Գազա:
ԵՄ-ն միաժամանակ բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները:
«ԵՄ-ն կարծում է, որ բանակցությունների վերսկսումը միակ ճանապարհն է։ Պաղեստինցիներն ու իսրայելցիները մեծապես տուժել են վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ժամանակն է կոտրել բռնության արատավոր շրջանը։ Կայունությունը արագ վերականգնման անհրաժեշտ նախապայման է։
Ռաֆահ անցումը փակ է մինչև հետագա ծանուցումը։ Ստեղծված իրավիճակում Ռաֆահում տեղակայված EUBAM առաքելությունը չի ուղարկում իր անձնակազմին անցակետ, այլ շարունակում է մնալ տարածաշրջանում՝ սպասելով հետագա զարգացումներին»,-նշված է հաղորդագրության մեջ: