ԵՄ-ն աշնանը պատրաստվում է զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Կալլաս
Եվրամիությունը պատրաստվում է աշնանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գերմանական WELT-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
Կալլասի խոսքով՝ նախատեսվողը Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենալայն ցանկն է լինելու։ Եթե այն հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը միանգամից մոտ մեկ երրորդով կավելանա։ Թե կոնկրետ ինչ նոր սահմանափակումներ են նախատեսվում, Կալլասը չի մանրամասնել։
«Ճնշումը պետք է ուժեղացնել», - հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետը՝ պնդելով, որ մինչ այժմ կիրառված եվրոպական պատժամիջոցներն արդեն զգալի վնաս են հասցրել Ռուսաստանի ռազմական կարողություններին։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունել էր հուլիսի 23-ին։ Դրանով սահմանափակումներ կիրառվեցին ևս 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձանց նկատմամբ։ Նոր միջոցառումները վերաբերում էին նաև Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական և ռազմարդյունաբերական ոլորտներին։



