ԵՄ առաջնորդները գտել են Հունգարիայի կողմից կարևոր որոշումների արգելափակումը շրջանցելու միջոցը. Politico
Եվրամիության երկրների ղեկավարները մշակել են մարտավարություն, որը, ըստ նրանց, հնարավորություն կտա շրջանցել Հունգարիայի կողմից կարևոր քաղաքական որոշումների արգելափակումը։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Նրանք վկայակոչել են փետրվարի 28-ի նախադեպը, երբ Հունգարիան ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ արգելափակել էր անվտանգության երաշխիքների և Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին փաստաթղթի նախագիծը։ Այդ ժամանակ, ըստ պարբերականի, ասոցիացիայի 27 երկրից 26-ի համաձայնեցրած փաստաթղթի տեքստը, հակառակ պրակտիկայի, կցվել է մյուս բանաձևերին, որոնք միաձայն արժանացել են համայնքի անդամ երկրների հավանությանը։
Չնայած Հունգարիայի մերժմանը՝ այն «հրապարակվել է որպես Եվրոպական խորհրդի պաշտոնական եզրակացություն»: Մարտավարությունը, ըստ երևույթին, աշխատում է, և դիվանագետները Politico-ին ասել են, որ մտադիր են այն օգտագործել ապագայում:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ հինգշաբթի Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը նույնպես նախատեսվում էր հրապարակել «որպես հավելված 26 երկրի անունից»։ «Սա նորմալ է, և դա օգտակար է, երբ խոսքը վերաբերում է քաղաքական մտադրություններին»,- ասել է նա: