ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին
ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հարց է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ ընդգծելով՝ ԵԽԽՎ դիտորդներն արձանագրել են, որ հունիսին կայացած Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցել է իրական քաղաքական մրցակցության պայմաններում։ Միաժամանակ դիտորդները փաստագրել են, որ եղել են արտաքին ուղղակի ճնշումներ, այդ թվում՝ տնտեսական սպառնալիքներ՝ ազդելու քաղաքացիների ընտրության վրա։
«Եթե ժողովրդավարական անվտանգությունը կոչված է՝ լինելու կանխարգելիչ, և ո'չ թե արձագանքող, ապա ի՞նչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը, երբ իր անդամ պետությունը ենթարկվում է նման ճնշման՝ թույլ չտալու, որ դա վնասի ժողովրդավարական ինստիտուտները և հանրային վստահությունը։ Ալեն Բերսեն արձագանքել է՝ Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, թե ինչու ժողովրդավարական անվտանգությունը պետք է ապահովվի քվեարկության օրվանից շատ ավելի շուտ»,- նշել է Գրիգորյանը:
«Հիշատակվեցին տեղեկատվական մանիպուլյացիաները կամ արտաքին ճնշումը։ Մենք դա տեսնում ենք, և այդ երևույթը շարունակաբար զարգանում է։ Կարծում եմ՝ Եվրոպայի համար ժողովրդավարության նոր պակտն այն լուծումներից մեկն է, որը կարող ենք առաջարկել։ Ինչ վերաբերում է կրթական բաղադրիչին: Մենք ակնհայտորեն պետք է սովորենք բանավիճել այնպիսի պայմաններում, երբ սոցիալական ցանցերի ազդեցությունն ուժեղանում է։ Պետք է գործենք՝ արդյունավետ ժողովրդավարություն ապահովելու համար։ Մյուս բաղադրիչներն են՝ պաշտպանությունը և նորարարությունները»,- ասել է Ալան Բերսեն:
ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով՝ նորարար մոտեցումներ ներդնելու համար կարելի է դիմել Արհեստական բանականությանը, այն կարող է նաև դրական ազդեցություն ունենալ:
«Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել ապատեղեկության, դիփֆեյքերի դեմ պայքարի, տեղեկատվության աղբյուրները ստուգելու, ճիշտն ու սխալը տարբերելու համար։ Եվ կարծում եմ՝ մենք կարող ենք այս ամենն անել՝ հաշվի առնելով Հայաստանի, Մոլդովայի և այլ երկրների փորձը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:
Ալեն Բերսեն համոզմունք է հայտնել, որ այս քայլերը կնպաստեն եվրոպական արժեքների ու սկզբունքների պաշտպանությանը։



