Եգիպտոսի և Գազայի միջև սահմանը պետք է փակվի. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Համասի դեմ պատերազմն ավարտված չի համարի, քանի դեռ Եգիպտոսի և Գազայի սահմանը չի փակվել, հայտնում է CNN-ը։
«Մենք կոչնչացնենք Համասը, kապառազմականացնենք Գազան, բայց ռազմական տեխնիկան և այլ մահաբեր զենքերը կշարունակեն հոսել այս հարավային անցումով, այնպես որ, իհարկե, մենք պետք է փակենք այն», - մեջբերում է հեռուստաալիքն Իսրայելի վարչապետին։
CNN-ը բացատրում է, որ Նեթանյահուն նկատի ուներ 14 կիլոմետր երկարությամբ Ֆիլադելֆիայի միջանցքը, որը ծառայում է որպես բուֆերային գոտի Եգիպտոսի և Գազայի սահմանին։ Իսրայելն ասում է, որ դրա շրջափակումը կենսական նշանակություն ունի իսրայելցիներին Համասից պաշտպանելու համար:
Եգիպտոսն ավելի վաղ նախազգուշացրել էր Իսրայելին միջանցքում ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու մասին, հայտնում է եգիպտական Ahram Online պորտալը։ Գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հոկտեմբերին հայտնել էր, որ Իսրայելի ցանկացած ներխուժում Ֆիլադելֆիայի միջանցք կհամարվի 1979 թվականին եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագրի խախտում:
Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը շաբաթ օրը եգիպտական Sada Al-Balad հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է․ «Եգիպտոսը լիովին վերահսկում է իր սահմանները որ այդ հարցերը կարգավորվում են ներգրավված երկրների միջև իրավական և անվտանգության համաձայնագրերով, ուստի այս հարցի վերաբերյալ ցանկացած խոսակցություն, որպես կանոն, ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրության և դրան արձագանք է տրվում հայտարարված դիրքորոշմամբ»։
Գազան երկու կողմից սահմանակից է Իսրայելին, և նրա Միջերկրական ծովի ափն ու օդային տարածքը նույնպես գտնվում են Իսրայելի խիստ շրջափակման տակ: Եգիպտական Ռաֆահը միակ սահմանային անցակետն է, որը չի վերահսկվում Իսրայելի կողմից, թեև մուտքը նախկինի պես սահմանափակ է: