կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԵԱՏՄ-ն ապագայում կարող է հավակնել G20-ում տեղ ունենալուն. ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ-ն ապագայում կարող է հավակնել G20-ում տեղ ունենալուն. ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությունն ապագայում կարող է հավակնել G20-ում տեղ ունենալուն: Այս մասին Հարավաֆրիկյան Հանրապետությունում «Քսանի խմբի» ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարվանից Աֆրիկյան միությունը դարձել է «քսանյակի» լիիրավ անդամ։ Նույն կարգավիճակով են հետաքրքրված Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքը: Մենք ողջունում ենք նման տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ փուլում նման կարգավիճակի կարող է հավակնել Եվրասիական տնտեսական միությունը»։

Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են G20-ի օրակարգի առանցքում պահել Ուկրաինայի հարցը, սակայն միշտ ձախողում են: Նրա խոսքով՝ G20-ն ընդհանուր առմամբ պահպանում է հին և նոր ուժային կենտրոնների երկխոսության հարթակի դերը:

 

  • Կիսվել: