ԵԱՏՄ առևտրային շուկան շուրջ 2,5 մլրդ մարդ է ընդգրկում․ Օվերչուկ
ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների սպառման շուկան շուրջ 2,5 միլիարդ մարդ է ընդգրկում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«4 միլիարդ մարդ են նշում։ Ես ավելի զուսպ եմ գնահատում։ Բայց 2,5 միլիարդը իրական է, դա այն է, ինչ այսօր ունենք, այն, ինչի շուրջ այսօր բանակցություններ ենք վարում՝ մոտավորապես 2,5 միլիարդ մարդ։ Այսինքն՝ սա դառնում է իրականություն»,- հայտարարել է փոխվարչապետը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ազգային կենտրոնում։
Կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոչ ոք չէր էլ մտածում նման թվերի մասին 2014 թվականին, երբ նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։
«Աշխարհն այլ էր, և մենք էլ էինք այլ։ Եվ շատերի հայացքներն այլ էին, ԵԱՏՄ-ի հանդեպ ակնկալիքները նույնպես հավանաբար այլ էին։ Այսօր հետ նայելիս ոմանք ԵԱՏՄ-ն երևի դիտարկում էին որպես Եվրոպական միության հետ մերձեցման աստիճան, ինչ-որ մեկն էլ ասում էր, թե Ռուսաստանը փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը»,- ասել է նա։
Օվերչուկն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն կառուցվել է չորս ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի շուրջ, որոնք դրված են եղել նրա հիմքում։


