չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Դժվարին ժամանակներում Իրանն աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. ԻԻՀ խորհրդարանի նախագահ

Դժվարին ժամանակներում Իրանն աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. ԻԻՀ խորհրդարանի նախագահ

Դժվարին ժամանակներում, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Իրանի ժողովուրդն ու ղեկավարությունն աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, տեղեկացնում է Tasnim-ը։

Նա նշել է, որ այժմ այդ կապերը պետք է շարունակեն ամրապնդվել:

Ըստ Ղալիբաֆի՝ համատեղ ջանքերով կարելի է ընդլայնել Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքը, և՛ դեպի Եվրոպա, և՛ Հեռավոր Արևելք երթուղիները, ինչն օգուտ կբերի բոլոր երեք երկրներին (նկատի ունի նաև Ռուսաստանը-խմբ.)։

Նա նաև ընդգծել է Իրանի հանձնառությունը երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ տարանցման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը:

«Մենք պետք է արագացնենք երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է Ղալիբաֆը:

Նա հավելել է, որ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը պետք է դյուրացնեն երկու երկրների քաղաքացիների միջև ճանապարհորդությունը և չպետք է խաթարվեն արտաքին խաղացողների կողմից, որոնք դեմ են ավելի ամուր կապերին:

  • Կիսվել: