չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. Politico

Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. Politico

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը, նրա դեմ մահափորձից հետո, մեծացել են. այս կարծիքին են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք զրուցել են Politico թերթի հետ:

«Նախագահ Թրամփը վերապրեց այս հարձակումը և հենց նոր հաղթեց ընտրություններում», - ասել է կոնգրեսական Դերիկ Վան Օրդենը:

Հանրապետականների մի մասը կարծում է, որ կատարվածը կամրապնդի նախկին նախագահին ընտրողների աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններում դա կտա իր արդյունքը:

Կոնգրեսական Թիմ Բուրշեթը հավելել է, որ մահափորձից հետո համացանցում արագորեն տարածված լուսանկարները և տեսանյութերը, որոնցում Թրամփը բռունցքը վեր է պարզել և ներկաներին կոչ է անում պայքարել, ևս կնպաստեն նրա վարկանիշի բարձրացմանը:

Միևնույն ժամանակ Politico-ն գրում է, որ Կոնգրեսի որոշ հանրապետականներ, օրինակ՝ Մայք Քոլինսը, տարածել են դավադրապաշտական անհիմն տեսություններ առ այն, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է  «կարգադրել» կրակել:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Թրամփին ակտիվ քննադատող դեմոկրատներին, ապա նրանք կատարվածից հետո դադարեցրել են նախկին նախագահի դեմ իրենց բանավոր հարձակումները: Իսկ հանրապետականները շտապել են Թրամփի վրա հարձակման պատճառ նշել հակառակ կողմի հռետորաբանությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

  • Կիսվել: