Դոմոդեդովոյում ԱԹՍ–ի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը
Դոմոդեդովոյում անօդաչուի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» (կիսաֆաբրիկատների արտադրություն) 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` տուժել են։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով` ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել Մոսկվայի վրա իրականացվող գրոհը։ Ներկա պահին դեպի Մոսկվա թռչող թշնամու 73 անօդաչու է խոցվել։
«Ժամը 05:14-ին անօդաչուի բեկորների անկման հետևանքով վնասվել են Դոմոդեդովոյի «Միրատորգ» ընկերության դիստրիբյուտորական կենտրոնի տարածքում գտնվող օբյեկտները: Միջադեպի հետևանքով, ցավոք, ընկերության մեկ աշխատակից զոհվել է և երկուսը վիրավորվել: Տուժածներին տեղափոխել են Վիդնոյեի և Դոմոդեդովոյի բուժհաստատություններ, որտեղ նրանց բուժօգնություն են ցուցաբերում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը վստահեցնում է, որ զոհվածի և վիրավորների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն ու նյութական օգնություն կտրամադրվի։