Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 98-ի
Դոմինիկյան Հանրապետության գիշերային ակումբներից մեկում համերգի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով առնվազն 98 մարդ է զոհվել, այդ թվում՝ Մոնտեքրիստի նահանգի նահանգապետը և նախկին երկու բեյսբոլիստներ։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը։
Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հաստատված զոհերի թիվը կազմել է 98, իսկ 155 փրկվածները հոսպիտալացվել են:
«Մենք դեռ աշխատում ենք, փլատակների տակ մարդկանց ենք որոնում: Ենթադրում ենք, որ նրանցից շատերը դեռ ողջ են, այդ իսկ պատճառով այստեղ իշխանություններն իրենց թիմերով կանգ չեն առնի, մինչև չգտնենք վերջին մարդուն փլատակներից», - ասել է Մենդեսը։
Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներգիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։ Մենդեսի խոսքով՝ փրկարարները դեռ փնտրում են Պերեսին, չնայած որ տեղեկություններ կան, որ երգիչը զոհերի թվում է։
Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը երեք օրով համազգային սուգ է հայտարարել։ Նա հաստատել է, որ զոհերի թվում է նաև Մոնտեքրիստի նահանգապետ Նելսի Կրուզը:
Դոմինիկյան Հանրապետության սպորտի նախարար Քելվին Կրուզը հաստատել է բեյսբոլի գլխավոր լիգայի նախկին խաղացող Օկտավիո Դոտելի մահը։ Բացի այդ, Բեյսբոլի գլխավոր կոմիսար Ռոբ Մանֆրեդը հայտարարության մեջ նշել է, որ փլուզման հետևանքով զոհվել է նաև մեկ այլ նախկին խաղացող՝ ձախ եզրային Թոնի Բլանկոն։
Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հայտնի Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառը: Սեփականատերերի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք «լիովին և թափանցիկ համագործակցում են համապատասխան մարմինների հետ՝ տուժածներին օգնելու և տեղի ունեցածը պարզելու համար»:
Տեղեկություններ կան, որ տանիքի փլուզման պահին ակումբի ներսում եղել է ավելի քան 300 մարդ։