CNN․ Իրանը Լիբանանում հրադադարի երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար
Իրանը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ է պահանջել՝ որպես Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Նրա խոսքով՝ «իրանական կողմը պահանջել է երաշխիքներ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ ստորագրված համաձայնագրի պայմաններին համապատասխան»։ Նա հավելել է, որ ներկայում «միջնորդներն աշխատում են այս հարցի լուծման ուղղությամբ»։
Աղբյուրը նշել է, որ նախատեսված բանակցությունները «ժամանակավորապես հետաձգվել են Լիբանանին հասցվող իսրայելական հարվածներից հետո», սակայն չի հստակեցրել, թե, միջնորդների ակնկալիքով, երբ դրանք կարող են վերսկսվել։
Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելական կողմը չի մասնակցել հուշագրի շուրջ բանակցություններին։ Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է անցկացվեին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում, հետաձգվել են և հունիսի 19-ին չեն կայանա։



