շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չիլին կղեկավարի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը

Չիլին կղեկավարի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը

Չիլիում կիրակի տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ղեկավար է ընտրվել 36-ամյա պատգամավոր Գաբրիել Բորիչը, որը քաղաքականություն է եկել ուսանողական շարժումներից՝ տեղեկացնում է ТАСС-ը։

Հանրապետության ընտրական ծառայության տվյալներով՝ ձայների գրեթե 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ ընտրողների 55,87%-ը քվեարկել է ձախ կոալիցիայի՝ «Հավանություն եմ տալիս արժանապատվությանը» թեկնածուի օգտին, որին աջակցում էին նաև ընդդիմադիր ձախ ու կենտրոնամետ խոշոր կուսակցությունները։ Նրա մրցակիցը՝ ուլտրապահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստան, որին, բացի աջակողմյան կուսակցությունների կոալիցիայից, աջակցում էր իշխող աջ կենտրոնամետ «Առա՛ջ, Չիլի»-ն, ստացել է ձայների 44,19%-ը։

Հաղթանակի կապակցությամբ Բորիչին արդեն շնորհավորել է նրա մրցակիցը՝ երկրի գործող ղեկավար Սեբաստիան Պինյերան, և կոչ է արել «խոհեմ լինել» հանրապետությունը ղեկավարելիս: Բորիչին շնորհավորել են նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներ։ Պետության նոր ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա 2022 թվականի մարտի 11-ին։ 36-ամյա Գաբրիել Բորիչը կդառնա Չիլիի պատմության ամենաերիտասարդ նախագահը:

Թեկնածուի նախընտրական հիմնական խոստումներից մեկը սոցիալական անհավասարության դեմ պայքարն էր։ Քարոզարշավի ընթացքում նա առաջարկեց բարձրացնել հանքարդյունաբերությունից (Չիլին համաշխարհային շուկաներ պղնձի խոշորագույն մատակարարն է) ստացված վճարները, սահմանել շքեղության հարկ և հրաժարվել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի համակարգից։ Նա նաև բոլորի համար անվճար կրթության կողմնակից է:

  • Կիսվել: