Չեմ պատրաստվում առաջ անցնել նախագահից. ԱՄՆ նախագահի խորհրդականն այսպես է մեկնաբանել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը չի մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:
NBC-ի հետ հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. «Ես չեմ պատրաստվում առաջ անցնել նախագահից, անկասկած, ընթանում են բազմաթիվ զգայուն խոսակցություններ»:
Լրագրողի ուղիղ հարցին այն մասին, թե կարող է արդյոք պատասխանել «այո» կամ «ոչ» երկու երկրների առաջորդների խոսակցության մասին, Ուոլցը պատասխանել է. «Ես չեմ պատրաստվում մանրամասների մեջ խորանալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Post թերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իսկ ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը: