չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չավուշօղլուի ու Կարո Փայլանի հարցուպատասխանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Չավուշօղլուի ու Կարո Փայլանի հարցուպատասխանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023 թ․ բյուջեյի քննարկումների  ժամանակ կարճ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Մեր կարգավորման քաղաքականությունները 2022-ին Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականության կարևոր հատվածն են կազմել։ Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության համար Հայաստանի հետ կարգավորման գործընթացն ենք իրականացնում։ Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվելու ենք Հայաստանին խաղաղության մասը  դարձնելու մեր  փորձերը»,- ասել է Չավուշօղլուն։

Ելույթից հետո նա նաև կարճ բանավեճ է ունեցել  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանի հետ, վերջինիս ծավալուն ելույթից հետո:

Փայլանը ներկայացնել է իր տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Փայլանը շեշտել է  Թուրքիայի՝ կարևոր դերակատարում ստանձնելու կարևորության մասին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում:

«Փաշինյանը խաղաղության կոչեր է անում, ձեռք է մեկնում։ Բանակցությունների սեղանի ձևավորման հարցում այս անգամ էլ Ալիևն է առավելապաշտական սպասելիքների մեջ։ Այս սպասելիքները հավասարակշռող ուժը ո՞րն է․ Ֆրանսիա՞ն, Ամերկա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Մե՛նք ենք։ Եթե մենք դերակատարում ստանձնենք, կարող ենք նստել և արդար խաղաղություն ապահովել, ազերի և հայ ժողովուրդների ապագայի համար արդար խաղաղություն կարող ենք ապահովել»,-նշել է Կարո Փայլանը, ինչին ի պատասխան, Anadolu գործակալության փոխանցմամբ, Չավուշօղլուն ընդգծել է․

«Ասացիք, որ խաղաղություն չցանկացողն Ադրբեջանն է, դա ճիշտ դիտարկում չէ։ Ադրբեջանն է առաջարկել համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Շեշտելով, որ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են՝ Չավուշօղլուն Հայաստանին ևս «անկեղծ լինելու» կոչ է արել։

  • Կիսվել: