երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
CCTV. Նեպալում նոր սողանքների առաջացման լուրջ վտանգ կա

CCTV. Նեպալում նոր սողանքների առաջացման լուրջ վտանգ կա

Նոր սողանքներն առաջիկայում կարող են լուրջ վտանգ դառնալ Նեպալի բնակիչների համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում կատարելով Չինաստանի ջրային տնտեսության նախարարությանը։

Չինական գերատեսչությունը մեկնաբանել է արբանյակային լուսանկարները, որոնց համաձայն՝ Նեպալում շարունակում է պահպանվել սառցադաշտերի փլուզման վտանգը։ Նախարարության գնահատմամբ՝ այս տարածաշրջանում կան տարբեր չափերի մի քանի սողանքներ, որոնք ջրի հոսքի ազդեցության տակ կարող են իրական վտանգ ներկայացնել մարդկանց համար։

Օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում տեղի է ունեցել հզոր հեղեղ։ Տարերային աղետի պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Լեռնային ապարների հոսքը հսկայական արագությամբ գետի հունով անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակա բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի ողողմանը։ Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով զոհվել է առնվազն 919 մարդ, շուրջ 2 հազարը համարվում է անհետ կորած։

  • Կիսվել: