երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բլինքենը որեւէ բեկում չի ակնկալում ռուս-ամերիկյան բանակցություններից

Բլինքենը որեւէ բեկում չի ակնկալում ռուս-ամերիկյան բանակցություններից

Որեւէ բեկում չեմ ակնկալում հաջորդ շաբաթ ԱՄՆ-Ռուսաստան անվտանգության բանակցություններում, բայց հույս ունեմ, որ կարող են լինել ոլորտներ, որոնց շուրջ կողմերը կարող են պայմանավորվել:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով CNN հեռուստաալիքի «Դրությունը երկրում» հաղորդաշարի ժամանակ։
 
«Չեմ կարծում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք որեւէ բեկման ականատես կլինենք», - ասել է Բլինքենը:
 
«Մենք հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր տեսակետները։ Նույնը կանեն ռուսները, եւ մենք կտեսնենք՝ արդյո՞ք առաջ շարժվելու որեւէ պատճառ կա»,- ասել է նա։
 
Բլինքենի խոսքով՝ ցանկացած առաջընթաց կախված կլինի երկու կողմերի գործողություններից  բանակցություններում։ Խնդիրների լուծմանն ուղղված ցանկացած շարժում պետք է լինի փոխադարձ հիմունքներով, հայտարարել է նա։
 
Նա ընդգծել է, որ առաջընթացի հասնելը դժվար կլինի, եթե ոչ անհնար՝ հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական ռազմական հզորության կուտակումը:
 
«Շատ դժվար է տեսնել [իրական առաջընթաց] էսկալացիայի պայմաններում, երբ Ռուսաստանն ատրճանակը պահում է Ուկրաինայի գլխին՝ 100.000 զինվոր է տեղակայելով դրա սահմաններին», - ասել է Բլինքենը ABC-ի «Այս շաբաթ» հաղորդման ժամանակ:
 
CNN-ին տված հարցազրույցում Բլինքենը համաձայնել է այն պնդման հետ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջնորդում է Խորհրդային Միությունը վերականգնելու ցանկությունը։
 
«Կարծում եմ դա այդպես է: Կարծում եմ, որ դա նախագահ Պուտինի նպատակներից մեկն է՝ կրկին ընդլայնել ազդեցության գոտին այն երկրների վրա, որոնք նախկինում Խորհրդային Միության կազմում են եղել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։- Դա, ինչպես արդեն ասել ենք, անընդունելի է։ Մենք չենք կարող վերադառնալ մի աշխարհ, որը բաժանված է ազդեցության ոլորտների։ Դա անկայունության, հակամարտությունների, համաշխարհային պատերազմների ճիշտ ճանապարհն էր: Մենք դրան չենք վերադառնա»:

  • Կիսվել: