Բեռլինը վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ. Մերց
Բեռլինը վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ՝ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ համակարգված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է DW-ն։
Նա կոչ է արել ԱՄՆ նախագահ Թրամփին հնարավորինս շուտ ներգրավվել Իրանի հետ բանակցություններում՝ միաժամանակ զգուշացնելով ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի «պառակտման» մասին Վաշինգտոնի և նրա դաշնակիցների միջև լարվածության ֆոնին։
Մերցը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է.«Մենք չենք ուզում, ես չեմ ուզում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի։ ՆԱՏՕ-ն մեր անվտանգության երաշխավորն է, այդ թվում՝ և առաջին հերթին՝ Եվրոպայում»։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի հարձակումը Լիբանանում կարող է վտանգել խաղաղության բանակցությունները։ «Մենք հատուկ մտահոգությամբ ենք դիտարկում հարավային Լիբանանում տիրող իրավիճակը։ Այն խստությունը, որով Իսրայելը պատերազմ է մղում այնտեղ, կարող է հանգեցնել խաղաղության գործընթացի ամբողջական ձախողմանը, և դա չպետք է թույլ տալ, որ տեղի ունենա»,-նշել է Մերցը։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր կրկին քննադատություն է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին: «Այս մարդկանցից ոչ մեկը, այդ թվում՝ մեր սեփական, շատ հիասթափեցնող ՆԱՏՕ-ն, ոչինչ չհասկացավ, մինչև նրանց վրա ճնշում չգործադրվեց»,-գրել է նա սոցցանցի իր էջում:


