ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բելգիայում և Լյուսեմբուրգում Ադրբեջանի դեսպանը,սպառնացել է Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն իրականացրած ԵԽ պատգամավորներին

Բելգիայում և Լյուսեմբուրգում Ադրբեջանի դեսպանը,սպառնացել է Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն իրականացրած ԵԽ պատգամավորներին

Բելգիայում և Լյուսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիգովը սպառնացել է Հայաստան այցելած և Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն իրականացրած Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Անդրադառնալով Հակարիի կամրջի մոտակայք եվրապատգամավորների այցերին՝ նա Թվիթերում գրել է․ «Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։

Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից»,- գրել է ադրբեջանցի դեսպանը։ Այս սպառնալիքին անդրադարձել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ «Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ։ Իսկապե՞ս այն գալիս է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ի՞նչ մակարդակի է իջել Ադրբեջանի դիվանագիտությունը։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չհարգելով և 120,000 մարդկանց պատանդառության մեջ պահելով՝ հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա ձեզ ստիպում է կորցնել ձեր նյարդերը: Մենք՝ ուժեղ արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքին»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակները, Նատալի Լուազոյի գլխավորությամբ, Գորիսում այցելել էին ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ կենտրոն՝ տեղում առավել հստակ պատկերացում կազմելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության իրավիճակի մասին։ Այնուհետև պատվիրակությունը միացել էր EUMA-ին՝ հայկական կողմից պարեկություն անելու Հակարիի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:

  • Կիսվել: