Բանգկոկում երկրաշարժից հետո երկնաքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի
Բանգկոկում Գլխավոր աուդիտորական վարչության կառուցվող շենքի՝ երկրաշարժից փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հայտնել է քաղաքային վարչակազմը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ 30-հարկանի շենքի փլվածքների տակ դեռևս կա 20 անհետ կորած։ Տարերային աղետների նխազգուշացման և հետևանքների վերացման գերատեսչության տնօրեն Սուրիյաչայ Ռավիվանը հայտարարել է, որ փրկարարները փորձում են դուրս բերել հայտնաբերված 10 մահացած շինարարների մարմինները, որոնց մոտենալը դժվարանում է երկաթբետոնե սալերի պատճառով։
8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 28-ին Մյանմայում, որտեղ զոհերի թիվը հասել է 3800-ի։ Երկրաշարժից նաև տուժել է Թաիլանդը. հուժկու ստորգետնյա ցնցումներ են զգացվել Բանգկոկում և նրա շրջակայքում, ինչպես նաև թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավային տարածաշրջաններում: Գլխավոր աուդիտորական վարչության շենքը Բանգկոկում միակն էր, որը չի դիմակայել տարերքի հարվածին և փլվել է: