Բաղդադում կրակել են ցուցարարների վրա․ կան զոհեր
Բաղդադում այս կիրակի նոր ուժով սկսված հակակառավարակ ցույցերի ժամանակ անվտանգության ուժերը կիրառել են հրազեն և արցունքաբեր գազ։ Բախումների արդյունքում տուժել է 78 մարդ, զոհվել առնվազն 7-ը։
Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից ի վեր, սա երեկրում ցույցերի ամենախոշոր ալիքն է։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են ստեղծել աշխատատեղեր, արմատախիլ անել կոռուպցիան։ Բողոքի գործողություններ են տեղի ունենում Իրաքի տարբեր քաղաքներում։
Նարիսիա քաղաքում անվտանգության ուժերը ցույցը ցրելիս կիրառել են հրազեն և արցունքաբեր գազ։ Կա 4 զոհ, որից մեկը գլխի հրազենային վնասվածքով։
Ում Քասրում էլ ոստիկանական ուժերի և ցուցարարների բախումների արդյունքում զոհվել է 2 և վիրավորվել 70 մարդ։
Ցույցերի առաջին օրերից՝ հոկտեմբեր 2-ից առ այսօր Իրաքում սպանվել է ավելի քան 330 մարդ: