երկուշաբթի, նոյեմբեր 29
29 / 11 / 2021
«Ազատություն Միշային» բազմահազարանոց հանրահավաքն ավարտվեց կրկին անցկացվելու խոստումով

«Ազատություն Միշային» բազմահազարանոց հանրահավաքն ավարտվեց կրկին անցկացվելու խոստումով

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան զգուշացրել է իշխանություններին՝ մունիցիպալ ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի արդյունքները չկեղծելու առումով՝ սպառնալով լայնածավալ ցույցեր անցկացնել: Նա այս հայտարարությունն արել է Թբիլիսիի կենտրոնում՝ բազմահազարանոց հանրահավաքին, որի ընթացքում պահանջում էր ազատ արձակել նախկին նախագահ և «Միասնական շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է jnews.ge-ն:

Հոկտեմբերի 30-ին տեղի կունենան քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլերը Վրաստանի 64 քաղաքներից և մունիցիպալիտետներից 20-ում, որտեղ իշխող «Վրացական երազանքի» թեկնածուներին չի հաջողվել հաղթել առաջին փուլում: Թբիլիսիում գործող քաղաքապետ Կախա Կալաձեի մրցակիցը Նիկա Մելիան է:

«Բիձինա Իվանիշվիլի, եթե հոկտեմբերի 30-ը դու անցկացնես նույն կերպ, ինչպես հոկտեմբերի 2-ը, մենք ամբողջ երկրով կհավաքենք Ռուսթավելիի պողոտայում, և քեզանից կլինի կախված՝ մեր ժողովուրդը հաղթանակ կտոնի, թե կպաշտպանի ներկան, ապագան և, ամենակարևորը, այս երկրի արժանապատվությունը… Ընտրություններից հետո մենք հավաքվում ենք Ազատության հրապարակում և այն, թե ինչպես մենք մեզ կպահենք, կախված է Բիձինա Իվանիշվիլիից», – հայտարարել է Մելիան:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «բռնություններն ու հարձակումները ինչ-որ մեկի վրա» երբեք «Ազգային շարժման» ինքնանպատակ չեն հանդիսացել, սակայն նրանք պարտավոր են «պաշտպանել իրենք իրենց, իրենց ընտանիքներին և իրենց ձայները»:

«Մեզ հարցնում են, ո՞րն է մեր ծրագիրը… Մեր միակ ծրագիրը հաղթանակն է, և հաղթանակից բացի ուրիշ ոչինչ», – ասել է ՄԱՇ նախագահը:

Այստեղ նա հավելել է, որ ընդդիմադիր ամենախոշոր կուսակցության քաղաքական պայքարը չի ավարտվի, քանի դեռ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում:

Մելիայի խոսքով՝ «այսօր ընդդիմությունն արդեն բարոյապես հաղթել է»: Նա նաեւ վստահեցրել է, որ իր կուսակցությունը չի պատրաստվում «միայնակ գալ իշխանության»:

«Այսօր արդեն «Ազգային շարժումն» ուրիշ է… Մենք՝ «Ազգային շարժումը», չենք պատրաստվում իշխանության գալ որպես մեկ կուսակցություն, մեզ անհրաժեշտ է բոլոր կուսակցությունների միասնությունը», – հավելել է նա:

Մելիան դարձավ ի պաշտպանություն Սաակաշվիլիի բազմահազարանոց հանրահավաքի վերջին խոսնակը: Նա իր խոսքն ավարտեց այսպես՝ «Պատրաստվում ենք հոկտեմբերի 30-ին»:

Հանրահավաքն ավարտվեց ներկաների կողմից ազգային օրհներգի կատարմամբ:

Ազատության հրապարակում երեք ժամից ավելի տեւած հանրահավաքն անցավ խաղաղ, առանց միջադեպերի:

  • Կիսվել: