շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Այժմ Ուկրաինայի հետ բանակցություններ չեն ընթանում և չեն պլանավորվում, բայց ԱՄՆ-ը միշտ պատրաստ է կառուցողական դեր խաղալ, եթե հնարավորություն ընձեռվի. Մարկո Ռուբիո

Այժմ Ուկրաինայի հետ բանակցություններ չեն ընթանում և չեն պլանավորվում, բայց ԱՄՆ-ը միշտ պատրաստ է կառուցողական դեր խաղալ, եթե հնարավորություն ընձեռվի. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մայիսի 25-ին կայացած հեռախոսազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հավաստիացրել է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

«Ես ասացի, որ այժմ Ուկրաինայի հետ բանակցություններ չեն ընթանում և չեն պլանավորվում, բայց ԱՄՆ-ը միշտ պատրաստ է կառուցողական դեր խաղալ, աջակցություն ցուցաբերել, եթե հնարավորություն ընձեռվի»,- պատմելով կայացած զրույցի մասին՝ նշել է Ռուբիոն։

Ռուբիոն նաև նշել է, որ հակամարտությունը պետք է դադարեցվի։

«Եվ ԱՄՆ-ը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու դադարեցնել այս պատերազմը: Հուսով եմ՝ ինչ-որ պահի հնարավորություն կընձեռվի այդ դերը խաղալու համար»,- ընդգծել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ամերիկյան կողմին է հասցրել, որ ՌԴ զինված ուժերը սկսում են համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Զրույցի ընթացքում Լավրովը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսին Անկորիջում ԱՄՆ առաջարկով բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, և ապսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ եվրոպական էլիտաների և կիևյան ռեժիմի հարձակողական ջանքերը տապալում են նշված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն ու երկարաժամկետ կարգավորման համար։

  • Կիսվել: