Ավելի քան 20 երկիր դատապարտել է Իրանին իրենց տարածքներում իրականացված հարձակումների համար
Քսաներկու երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները, Իրանին մեղադրել են իրենց տարածքներում հարձակումներ կազմակերպելու մեջ։ «Մարդկանց մեր տարածքում սպանելու, առևանգելու, հետապնդելու, ահաբեկելու կամ այլ կերպ նրանց վրա հարձակվելու փորձերը խաթարում են ազգային ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», - ասվում է հինգշաբթի՝ հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Թեհրանից պահանջով դադարեցնել հարձակումները հանդես են եկել Գերմանիան, Ալբանիան, Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Շվեդիան և ԱՄՆ-ն։
Հայտարարության տեքստի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ծառայությունները և դրա արտասահմանյան «Ալ-Քուդս» ստորաբաժանումը զբաղվում են «մահաբեր դավադրություններով և վնասակար գործունեությամբ»՝ ընդդեմ իրանցի այլախոհների, լրագրողների, ինչպես նաև հրեական համայնքների։
Երկրները Թեհրանին մեղադրել են ամբողջ Եվրոպայով մեկ հարձակումների արշավ կազմակերպելու մեջ, որոնք վերագրվում են Իրանի հետ կապ ունեցող «Հարաքաթ Ասհաբ ալ-Յամին ալ-Իսլամիա» խմբավորմանը (թարգմանաբար՝ «Աջ ձեռքի կողմնակիցների իսլամական շարժում»)։ Ավելի վաղ այն իր վրա էր վերցրել Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում հրեական համայնքների վրա հարձակումների և սինագոգների հրկիզման պատասխանատվությունը։



