Ավարտվել է Իրանի և Եվրոպական եռյակի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը
Ժնևում ավարտվել է Իրանի և Եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից։
Նա նշել է, որ ժամանակն է, որ եվրոպական եռյակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն կատարեն ՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով քննարկվել է եվրոպական եռյակի պահանջը, որի համաձայն՝ Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական բանակցություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և եվրոպական եռյակի երկրները նախկինում համաձայնության էին եկել ընթացիկ տարվա օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։ Եթե բանակցությունները ձախողվեն, ապա Եվրոպական եռյակը նախատեսում է վերսկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Թեհրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները վերականգնվեն։


