երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

Բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Եվրամիության հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հիմնովին փոխեցին աշխարհի շուկաները: Այս մասին POLITICO պարբերականին հայտնել է Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ իրադրության պայմաններում պետությունները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», - նշել է նա՝ առանց հիշատակելու Թրամփի անունը։ 

Վերջին մի քանի շաբաթներին ֆոն դեր Լայենը հանդիպումներ է անցկացրել Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ, որոնք  «ուժեղ, հուսալի գործընկերներ» են փնտրում։

Նրա գնահատմամբ՝ աշխարհակարգը «փոփոխվում է ավելի խորապես, քան երբևէ սառը պատերազմի ավարտից ի վեր»։ Նման ցնցումների ֆոնին, ըստ նրա, ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում է, այդ թվում՝ համայնքի քաղաքացիների շրջանում: 

Եվրահանձնաժողովի ղեկավարը վկայակոչել է Eurobarometer-ի հարցման տվյալները, որոնք վկայում են, որ ԵՄ-ին անդամակցությանն աջակցությունը կազմում է 74%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։

«Դա վկայում է ինչ-որ բանի մասին: Քաոսի մեջ Եվրոպան կանգնած է հաստատուն՝ հիմնվելով արժեքների վրա, պատրաստ ձևավորելու այն, ինչ սպասվում է առաջիկայում», - նշել է ֆոն դեր Լայենը:

Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Երկրների մեծ մասի նկատմամբ սահմանվել են բազային 20% մաքսատուրքեր, իսկ ԵՄ-ի նկատմամբ՝ 20%։ Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցությունների պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն 10%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ պատրաստ է քննարկել մաքսատուրքերի չափերն առևտրային գործընկերների հետ։ Բացի այդ, նա չի բացառել այդ եռամսյա դադարի երկարաձգման հնարավորությունը:

 

  • Կիսվել: