Արտաքին ուժերի ներկայությունը վնասակար է, «3+3»-ով Հարավային Կովկասի խնդիրները հնարավոր է կարգավորել. Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Russia Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-իրանական համագործակցությանը, միջուկային բանակցություններին, նաև խոսել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակից։
Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի քաղաքականությունները Կովկասի տարածաշրջանում համահունչ են։
«Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք։ Աշխատել ենք նաև անցյալում՝ համատեղ ձևաչափերում՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է երեք երկիր մի կողմից՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեք երկիր մյուս կողմից՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան։ «3+3» ձևաչափով նիստեր արդեն անցկացվել են, սակայն մեր վրացի բարեկամներն առայժմ որոշ վերապահումներ ունեն և, հուսով եմ, որ առաջիկա նիստերում դրանք կհաղթահարվեն»,-ասել է նա։
Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում համընկնում է և վստահ են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։
«Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վնասակար է։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները։ Իրանն ու Ռուսաստանը երկուսն էլ ուրախ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Հուսով ենք՝ այն շուտով կստորագրվի։ Մենք աջակցում ենք այդ պայմանագրին և վստահ ենք, որ դրա ստորագրումից հետո տարածաշրջանը կմտնի նոր փուլ, կզարգանան կապերը և տնտեսական, քաղաքական ու այլ համագործակցությունները կստանան նոր շունչ»,-ասել է Արաղչին: