Արեւմուտքը Վրաստանին առաջարկել է ՌԴ-ի հետ հակամարտություն սկսել 2022-ին. Թբիլիսիի քաղաքապետ Կալաձե
2022թ․ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո արեւմտյան երկրներից մեկի դեսպանն առաջարկել է, որ Վրաստանը բախվի Ռուսաստանի հետ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին «Իմեդի» հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Արեւմտյան երկրի դեսպանը հանդիպել է երկրի վարչապետի (այն ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլու) հետ եւ ասել. «Դուք սկսեք, եւ ձեզ կտրամադրվի ռազմական տեխնիկա»,- ասել է նա։
Կալաձեի խոսքով՝ Վրաստանը պետք է «դիմանար» 10 օր, ինչից հետո, ինչպես ենթադրվում էր, սկսված հակամարտությունը կանցներ պարտիզանական պատերազմի վիճակի։ Թբիլիսիի քաղաքապետը չի բացել տեղեկությունն այն մասին, թե արեւմտյան որ երկրի դեսպանն է առաջ քաշել այս առաջարկը։


