ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Արևմտյան երկրները փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Ալիև

Արևմտյան երկրները փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Ալիև

Արևմտյան երկրները շարունակում են փորձել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, այդ թվում՝ փորձելով ազդել իշխանափոխության վրա՝ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման միջոցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նշվում է, որ նա հավելել է, թե Բաքուն լիակատար վերահսկողություն է հաստատել ֆինանսական համակարգի նկատմամբ, ինչը զգալիորեն բարդացրել է արևմտյան երկրների հասանելիությունը տեղական ՀԿ-ների ֆինանսավորման ուղիներին։

«Բոլոր դրամաշնորհները, որոնք տրամադրվել են, այսպես կոչված, տեղական ՀԿ-ներին, բայց իրականում ընդդիմության ճյուղերին, այժմ ենթակա են գրանցման։ Հիմա նրանց համար շատ դժվար է դարձել այստեղ անօրինական ճանապարհով գումար փոխանցել։ Բայց, ցավոք, որոշ արևմտյան հաստատություններ ավելի մեծ հնարամտություն են ցուցաբերում։ Նրանք գտնում են նոր եղանակներ՝ տարբեր առաքիչների միջոցով գումար փոխանցելու համար։ Նրանք այս գումարը ստանում են հիմնականում Վրաստանում»,- ասել է Ալիևը։

Դա , ըստ նրա, վերաբերում է ոչ թե Վրաստանին, այլ արևմտյան ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք շարունակում են գործել  այդ երկրի տարածքում։

«Վրացական բանկերի միջոցով, որոնք վերահսկվում են օտարերկրացիների կողմից, այստեղ բերվում են անանուն վարկային քարտեր և կանխիկ գումար՝ իրավիճակն ապակայունացնելու համար։ Բայց երբ մենք հետևում ենք դրան, երբ մեր իրավապահ մարմինները պատասխանատվության են ենթարկում այդ մաքսանենգներին, նրանք սկսում են մեզ մեղադրել որոշ ոչ ժողովրդավարական բաներ անելու մեջ։ Ահա թե ինչպես է Ադրբեջանում»,-նշել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե «Ադրբեջանում ընտրական գործընթացներին միջամտությունը իրականացվել է ոչ թե բարձր տեխնոլոգիաների, այլ պարզ գործիքների՝ ֆինանսական աջակցության և տեղեկատվական արշավի միջոցով»։

«Նախ, այսպես կոչված, արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների կողմից Ադրբեջան ուղարկված գումարը։ Երկրորդ՝ արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ ուղղված քարոզչությունը՝ այն լրատվամիջոցներում, որոնք նախագահ Թրամփը կեղծ է անվանում, ինչպիսիք են The Washington Post-ը, The New York Times-ը։ Եվ, իհարկե, ֆրանսիական կառավարամետ լրատվամիջոցները, ինչպիսիք են Le Figaro-ն կամ Le Monde-ը։ Ստեղծվում է որոշակի մթնոլորտ, որ Ադրբեջանը բռնապետություն է, որ Ադրբեջանը ժողովրդավարական փորձ չունի, մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են, ընդդիմությունը հրեշտակ է, իսկ կառավարությունը՝ սատանա»,-նշել է նա՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Արևմուտքի կողմից երկրի գործերին միջամտելու պրակտիկան կդադարի։ 

  • Կիսվել: