ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց. սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել

Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց. սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել

Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված «Սուլեյման Շահ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆրինում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Ինչպես տեղեկացնում է ANFnews-ը, նրանք դրանում մեղադրում են իրենց հրամանատար Աբու Համշային, ով, ըստ գրոհայինների, թուրք հովանավորներից ստացված գումարները յուրացրել է: Վարձկանները «Տելեգրամ» ալիքում կիսվել են բողոքի ակցիայից տեսանյութով:

«Մենք Լեռնային Ղարաբաղ էինք գնացել թուրքական պետության հետ միասին: Մենք ունենք նահատակներ։ Բրիգադի հրամանատար Աբու Համշան վերցրել է մեր փողերն ու նահատակների ընտանիքների փողերը: Նույնիսկ ուտելու փող չունենք: Մենք դա չենք ընդունում»,- նշում է վարձկաններից մեկը:

2020 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձերբակալված ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված, որտեղ հիշատակվում է Աբու Համշա անունով հրամանատարը:

«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր «Սուլեյման Շահ »խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել էր Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հետաքննող լրագրող Լինդի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին: Նա տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից:

Պարզվում է, որ նա զինյալներին չի վճարել խոստացած գումարները Ղարաբաղում կռվելու համար:

 

  • Կիսվել: