ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Առանց ջրի և էլեկտրաէներգիայի մնացած բնակավայրեր, բազմաթիվ վիրավորներ. ՌԴ-ի նոր հարձակման հետևանքները

Առանց ջրի և էլեկտրաէներգիայի մնացած բնակավայրեր, բազմաթիվ վիրավորներ. ՌԴ-ի նոր հարձակման հետևանքները

Ռուսաստանը հունիսի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել է երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 221 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է դրանցից 195-ը: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, տեղեկացնում է Current time-ը։

Նշվում է, որ Սումիի մարզում Ռուսական հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի։ «Սա պայմանավորված է այսօր առավոտյան թշնամու հարվածով։ Ջուրը մատակարարվում է գրաֆիկով, այնպես որ՝ պաշարներ հավաքեք»,-սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Արտյոմ Սեմենիխինը։

Նա նաև հայտնել է, որ վնասվել են գազամատակարարման ցանցը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Զոհվել է մաքրուհի, մեկ այլ մարդ այրվածքներ է ստացել։

Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովն էլ հայտնել է, որ Զնոբ-Նովգորոդ համայնքում վնասվել է մասնավոր տուն, մեկ կին զոհվել է։ Զոհվածի երկու փոքրիկ թոռները նույնպես տանն են եղել, նրանց տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան իր հերթին տեղեկացրել է, որ Պավլոգրադում վնասվել են բազմահարկ շենք և փրկարարական ծառայության շենք, որի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։

Սինելնիկի համայնքում ավերվել են երկու մասնավոր տուն և խանութ, վնասվել են մի քանի տներ, ֆերմա, օժանդակ շինություններ և մեքենաներ։ Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Մեկ մարդ վիրավորվել է Կրիվորոժսկի շրջանում։

Հաղորդվում է նաև, որ Ռուսական զորքերը հարձակվել են Չեռնիգովի մարզի Պոգորելցի բնակավայրի կենտրոնի վրա՝ հրդեհելով քաղաքապետարանի շենքը: Նիկոլաևի մարզի Բաշտանսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածը և ընկնող բեկորները վնասել են գյուղատնտեսական ձեռնարկության պահեստը և մեկ մեքենա: Տուժածներ չկան:

  • Կիսվել: