հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին

Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին

Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով արձագանքել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի մեկնարկած «Տնտեսական վտարանդի» գործողությանը՝ այն որակելով տնտեսական ահաբեկչություն։

Աբբաս Արաղչին նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները և Իրանի հետ այլ երկրների շփումները սահմանափակելու փորձը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ Նա անօրինական և միակողմանի է անվանել Վաշինգտոնի վարած քաղաքականությունը՝ հորդորելով ՄԱԿ-ին դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները և հարգել Իրանի ինքնիշխան իրավունքները։ Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը պետք է փոխհատուցում ստանա պատճառված վնասների համար:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ սկսում են աննախադեպ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության տնտեսության նկատմամբ: Սքոթ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ Պատժամիջոցներ կկիրառվեն նաև 60-ից ավելի միջազգային կազմակերպության, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ, որոնք, ամերիկյան կողմի գնահատմամբ, օգնում են Իրանին:

  • Կիսվել: