չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Անտվերպենի հայ համայնքը դրամահավաք է սկսում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գնելու համար

Անտվերպենի հայ համայնքը դրամահավաք է սկսում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գնելու համար

Բելգիայի հայաշատ քաղաքներից մեկում՝ Անտվերպենում, համայնքը նախաձեռնություն է սկսել, որի հաջողությունը կարող է նոր էջ բացել սփյուռքում հայկական ինքնության պահպանման հարցում։

Անտվերպենի հայ համայնքը ցանկանում է գնել  Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը համայնքին ժամանակավորապես տրամադրվել էր պատարագների անցկացման համար։

Եկեղեցու գնումն այսօր դիտարկվում է ոչ միայն որպես տարածքի կամ գույքի ձեռքբերում, այլ նաև հոգևոր, մշակութային և ազգային համախմբման հստակ ուղենիշ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտվերպենի հոգևոր հովիվ Տիրայր վարդապետ Հակոբյանը պատմել է, թե ինչպես է մեկ տարում մինչև 300 հոգի համախմբվել և կարողացել վերակազմակերպել համայնքի եկեղեցական կյանքն ու հասնել այս իրավիճակին։

Երբ 2023 թվականի նոյեմբերին Տիրայր Հակոբյանը ժամանել է Անտվերպեն, քաղաքում գործնականում չի եղել ակտիվ եկեղեցական կյանք։ Ամսական մեկ պատարագ է մատուցվել՝ երեկոյան ժամը չորսին, որին մասնակցել է ընդամենը 30-35 մարդ։ Համայնքի ներսում հոգևոր պասիվությունը եղել է գերակշռող։ Սակայն, ըստ Տիրայր վարդապետ Հակոբյանի, ամեն ինչ սկսվել է ոչ թե կազմակերպչական փոփոխություններից, այլ մտածողության փոփոխությունից։

«Մարդիկ եկեղեցի էին գալիս որպես հյուր։ Մենք սկսեցինք քարոզել եկեղեցու՝ որպես ընտանիքի գաղափարը, որ սա տուն է, ոչ թե արարողակարգային վայր։ Եվ հենց այդ գաղափարը ամեն ինչ փոխեց»,-պատմեց Տիրայր վարդապետ Հակոբյանը։

Արդյունքները երկար սպասել չտվեցին։ Երիտասարդների շրջանում ձևավորվեցին սարկավագների և սեղանի սպասավորների խմբեր, հիմնվեց երգչախումբ։ Սկզբնական դժվարությունները՝ եկեղեցի չունենալու, պատարագի անհարմար ժամի, երգչախմբի բացակայության հետ կապված, հաղթահարվեցին։ «Մենք որևէ մեկին չենք խնդրել՝ արի և այս կամ այն աշխատանքն արա։ Մարդիկ ինքնաբերաբար սկսեցին որոշել ու կատարել իրենց դերը, որովհետև այլևս հյուր չէին։ Եկեղեցին դարձավ իրենց տունը։ Եվ այդ տան նկատմամբ սեփականատիրոջ վերաբերմունքն արմատավորվեց», -նշեց Հայր Սուրբը։

2024-ի հունիսին պատարագներն արդեն ամսական երկու անգամ էին դարձել, իսկ նույն տարվա սեպտեմբերից՝ կանոնավոր յուրաքանչյուր կիրակի՝ առավոտյան ժամերին։ Դա էլ էր բեկումնային։ Պատարագներին մասնակցողների թիվը հասավ 200-300-ի։ Համայնքը տեսավ, թե ինչպես է սեփական մասնակցությամբ կարողանում նոր կյանք տալ եկեղեցուն։

Այս շրջանում էլ համայնքի անդամները տեղեկացան, որ Անտվերպենում՝ Դյուրնե թաղամասում, վաճառքի է հանվել եկեղեցին, որն արդեն ժամանակավորապես տրամադրվել էր համայնքի պատարագների համար։ Մտածեցին գնել այն սեփական ուժերով, համախմբված և հստակ տեսլականով։

«Առաջին քայլը միշտ գաղափարն է։ Մենք ուզում էինք ոչ միայն պատարագի համար տարածք ունենալ, այլև մի կենտրոն, որի շուրջ համայնքը կհավաքվի՝ ազգային մտածողությամբ, ինքնության պահպանմամբ, հավատքով։ Այդ գաղափարի շուրջ էլ ձևավորվեց ծխական խորհուրդը։ Մարդիկ, որոնք իրենց ոլորտներում հաջողություններ էին գրանցել, օգտագործեցին իրենց փորձն ու կապերն այս գործին լծվելու համար», -նշեց Տիրայր Հակոբյանը և հավելեց, որ գույքի արժեքը սկզբում շատ մեծ է եղել։ Սկսել են բանակցել և համայնքի ինքնակազմակերպվածության, նվիրումի ու կոնկրետ հաշվարկների արդյունքում հասկացել, որ կարող են գնել եկեղեցին համայնքի անունով։

Սա, ըստ Տիրայր վարդապետ Հակոբյանի, պարզապես տարածքի գնում չէ, այլ ինստիտուցիոնալ ինքնության ձևավորում։ «Մարդիկ սկսել են հստակ գիտակցել, որ եթե սեփականատեր են, իրենք են պատասխանատու։ Ու չեն սպասում դրսից հրահանգի։ Այստեղ ապրող մարդիկ հասկացել են՝ իրենց ուժը հավաքականության մեջ է։ Տեղական իշխանություններն էլ են այս ամենը նկատում։ Երբ համայնքն ուժ է՝ հավաքական, կազմակերպված ու գաղափարային, իշխանությունները չեն անտեսում։ Բելգիայում դրա օրինակները տեսել ենք», -նշեց նա։

Տիրայր վարդապետ Հակոբյանն իր տեսլականը ձևավորել է դեռևս Իտալիայում ուսանելու տարիներին։ Սովորել է կաթոլիկ միսիոներություն՝ այն ուղղությունը, որը Հայ Առաքելական եկեղեցում հնագույն ժամանակներից ի վեր գործնականում դադարել էր կիրառվել։ Դոկտորական պաշտպանությունից հետո նշանակվել է Իտալիայի հայոց հոգևոր հովիվ, որտեղ տարիների փորձով միսիոներության մոդելը վերածել է համայնքային իրականության։

«Այն, ինչ սովորում էի, կիրառում էի գործնականում։ Մարդկանց արձագանքը, արդյունքները, համայնքի միասնությունն ակնհայտ էին։ Երբ վերադարձա Հայաստան, Խաժակ սրբազանը՝ որպես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գիտեր, որ Բելգիայում հայություն շատ կա, հոգևոր սպասավոր՝ քիչ։ Վեհափառի օրհնությամբ նշանակվեցի Անտվերպենի հոգևոր հովիվ», -պատմեց նա։

Այսօր արդեն եկեղեցու շուրջ ձևավորված համայնքը գործում է իր կանոններով։ Համայնքում եկեղեցու գնումը դիտարկվում է որպես նոր սփյուռքի ինքնավար մոդելի օրինակ՝ ոչ թե մեկ հովանավորի, այլ ամբողջ համայնքի մասնակցությամբ։ «Սովորաբար եկեղեցի կառուցելու հարցում նախ դիմում են բարերարների։ Մենք հակառակ ճանապարհն ենք ընտրել։ Նախ համայնքը պիտի լինի շարժիչ ուժը։ Երբ բարերարները տեսնեն համայնքի ներգրավվածությունը, իրենք էլ կմիանան։ Բայց մենք պետք է նախ ապացուցենք, որ սա բոլորիս տունն է», -շեշտեց վարդապետը։

Հոգևոր հովիվը հիշեցնում է, որ նման կառույցների ձևավորումը կարող է վճռորոշ դեր ունենալ նաև Հայաստանի համար։ «Ուժեղացնելով համայնքը սփյուռքում՝ մենք օգտակար ենք դառնում Հայաստանին, որովհետև միայն ինքնության գիտակցմամբ է հնարավոր դրսում ապրել առանց ձուլվելու։ Եկեղեցին դառնում է այս գաղափարի առանցքը։ Ու միայն այդ ճանապարհով կարող ենք սերունդներին փոխանցել, թե ով են իրենք և ինչի համար են այստեղ»,- զրույցը եզրափակեց Տիրայր վարդապետ Հակոբյանը։

Նվիրատվություն կատարելու համար կամ նախաձեռնությանը միանալու ցանկության համար հնարավոր է կապ հաստատել Անտվերպենի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ծխական խորհրդի հետ կամ պարզապես նվիրատվություն անել եկեղեցու պաշտոնական կայքի միջոցով։ Ըստ հոգևոր հովիվ Տիրայր վարդապետ Հակոբյանի՝ սա ոչ միայն կառույցի գնման, այլև համախմբված համայնք ձևավորելու փորձ է, որը կարող է օրինակ դառնալ նաև այլ երկրներում։

  • Կիսվել: