ԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի
ԱՄՆ իշխանությունները Նացիստական Գերմանիայում քարոզչության հարցերը համակարգող Յոզեֆ Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները նման են հռոմեական զորավար Գնեոս Հուլիոս Ագրիկոլայի (մ.թ. 40 - 93 թթ.) արշավանքներին Բրիտանական կղզիներ, որոնք իրենցից հետո միայն անապատ թողեցին։
«Սա նրանց սովորական, ցինիկ գործողությունների ծրագիրն է. հրահրել ճգնաժամ և պատերազմ, իսկ հետո շարունակել էսկալացիան՝ «կայունության վերականգնման» կամ «խաղաղության պաշտպանության» վեհ կարգախոսի ներքո»,- գրել է նա։
Բաղային նաև մեջբերել է Փուբլիոս Կոռնելիոս Տացիտոսի «Հուլիոս Ագրիկոլայի կենսագրությունը» երկի հատվածից մի մեջբերում, որում նկարագրվում է զորավարի դաժան արշավանքը Բրիտանական կղզիներում։
Ըստ երկի՝ կալեդոնյան ցեղերի համադաշնության առաջնորդ Կալգակը, պարտություն կրելով Ագրիկոլայի զորքերից, ասել է, որ հռոմեացիները անապատ են ստեղծում և դա անվանում խաղաղություն՝ նկատի ունենալով այն ավերածությունները, որոնք կայսրության զինվորները թողել էին արշավանքից հետո։


