ԱՄՆ-ը նախատեսում է Թուրքիա մատակարարել կործանիչների շարժիչներ՝ 700 մլն դոլարի չափով
Ամերիկյան վարչակազմը նախատեսում է նախաձեռնել Թուրքիա 700 մլն դոլարի կործանիչների շարժիչներ մատակարարելու գործարքը։ Այդ մասին, հղում կատարելով Կոնգրեսի համար նախատեսված համապատասխան ծանուցմանը, հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը մի քանի տասնյակ շարժիչների մասին է։ Այժմ օրենսդիր մարմինն ունի 15 օր, որպեսզի, այս ծրագրերի հետ անհամաձայնության դեպքում, արգելափակի գործարքը։
Շարժիչների մատակարարումը, գրել է գործակալությունը, կարևոր ժեստ կլինի Անկարային ՆԱՏՕ գագաթաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի սկզբին։ Ինչպես նշել է Reuters-ը, խոսքը General Electric-ի շարժիչների մասին է՝ Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար․ դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են այն բանից հետո, երբ Անկարային դուրս թողեցին այդ ծրագրից։
Kaan կործանիչը Թուրքիայում ստեղծվում է 2017 թվականից՝ «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ 2028 թվականին կսկսվի դրա սերիական արտադրությունը։ Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ մարտավարական-տեխնիկական բնութագրերով Kaan-ը կգերազանցի ամերիկյան F-35-ին և հեռանկարում կփոխարինի հանրապետության ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչներին։



