ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա տեղակայել է լազերային կայանքներ
ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող մարտական նավերի վրա տեղակայել են լազերային կայանքներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները խոցելու համար, հայտնել է The New York Post թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։
Պարբերականը նշել է, որ ամերիկացի զինվորականները լազերային համակարգեր են օգտագործում նաև իրանական տարբեր ռազմական ենթակառուցվածքներն ու տեխնիկան շարքից հանելու համար։ Ընդ որում, զենքը տեղակայվում է տարբեր մարտական հարթակների վրա՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերից մինչև բանակի ցամաքային շարժական միջոցներ։
Պարբերականի տվյալներով՝ այս տեխնոլոգիական մարտավարությունը Պենտագոնին թույլ է տվել էականորեն միջոցներ խնայել իրանական հարձակումներին հակազդելու համար։ Նշվել է, որ լազերների կիրառումը «շատ ավելի էժան է, քան խոցման ավելի թանկ կինետիկ միջոցների, ինչպիսին են հրթիռները, օգտագործումը»։
Հունիսի վերջին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն անձամբ ներկա է եղել Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդս փորձադաշտում անցկացված ուղղորդված էներգիայի նոր զենքային համակարգերի ցուցադրությանը։ Դրա արդյունքներով նա հայտարարել է, որ ականատես է եղել, թե ինչպես է լազերային զենքն «ամբողջությամբ կանգնեցրել մոտեցող անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները»։



